30.09.2022
Արինսայթս հետազոտական ընկերությունը հասարակական կարծիքի հետազոտություն է իրականացրել Հայաստանի 3000 բնակչի շրջանում, 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Հետազոտության նպատակն էր՝ ուսումնասիրել դատական համակարգի և դատախազության վերաբերյալ հանրային ընկալումները: Մասնավորապես, հանրային ընկալումները չափվել են հետևյալ տեսանկյուններից.
ա. Դատարանների, ԲԴԽ-ի և դատախազության վերաբերյալ իրազեկվածությունը և գիտելիքները
բ. Նշված ինստիտուտների հետ առնչվելու փորձառությունը
գ. Նշված ինստիտուտների նկատմամբ դիրքորոշումները, այդ թվում՝ վստահությունը:
Հետազոտությունը նախաձեռնել է «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում » ծրագիրը, որն իրականացրել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) ԵՄ դրամաշնորհի շրջանակներում:
Տվլաները հավաքվել են հեռախոսային հարցազրույցների կիրառմամբ 2022 թվականի ապրիլի 1-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահականության սկզբունքով՝ պատահականորեն գեներացված հեռախոսահամարներին զանգեր կատարելու միջոցով: Հարցվողների ընտրությունն իրականացվել է ստրատիֆիկացված պատահական ընտրանքի մեթոդաբանության տրամաբանությամբ, որը հնարավորություն է տալիս ապահովել ներկայացուցչականություն համապետական մակարդակով, ±1,8% ընտրանքի սխալի պայմաններում՝ 95% վստահելիության միջակայքի համար։
Վստահությունը
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների 52.1%-ը հակված է վստահել հայաստանյան դատական համակարգին, իսկ 54.3%-ը վստահում է դատախազությանը: Երկու ինստիտուտի դեպքում էլ զուտ վստահության ցուցանիշը դրական է և կազմում է 12.5%՝ դատական համակարգի, 24%՝ դատախազության համար:
Հարցվողների 38%-ը նշել է, որ դատական համակարգի նկատմամբ իրենց վստահության մակարդակը չի փոփոխվել 2019 թվականից ի վեր, նույն տոկոսով հարցվողներ նշել են, որ իրենց վստահությունն աճել է: Հարցվողների 19%-ն է նշել, որ համակարգի նկատմամբ իրենց վստահությունը նվազել է:
Դատական համակարգին վստահողներն իրենց վստահությունը հիմնավորում են նրանով, որ համակարգը համարում են անաչառ (բոլոր հարցվողների 18%-ը), կարծում են, որ համակարգն ապահովում է օրենքի գերակայությունը (բոլոր հարցվողների 8%-ը), իսկ դատավորների մասնագիտական որակները համարում են բարձր (բոլոր հարցվողների 5%-ը) (թվարկված են ամենահաճախը նշված 3 պատճառները): Նկատենք, որ հարցվողների 8%-ը դժվարացել է ձևակերպել, թե ինչու է հակված վստահել հայաստանյան դատական համակարգին:
Դատական համակարգին չվստահողներն իրենց անվստահությունը հիմնավորում են այնպիսի փաստարկներով, ինչպիսիք են դատական համակարգի՝ կողմնակալ լինելը (բոլոր հարցվողների 11%-ը), կոռումպացված լինելը (բոլոր հարցվողների 7%-ը) և այն համոզմունքը, որ համակարգը չի ապահովում օրենքի գերակայություն (բոլոր հարցվողների 7%-ը) (թվարկված են ամենահաճախը նշված 3 պատճառները):
Վերաքննիչ դատարանի նկատմամբ վստահության մակարդակն ամենաբարձրն է, այն կազմում է 59%: Վստահության ցուցանիշի առումով վերաքննիչ դատարանին հաջորդում է վճռաբեկ դատարանը, որին այս կամ այն չափով վստահում է հարցվածների 58%-ը:
Վստահության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է իգական սեռի (55%), մարզային քաղաքային (55%) և գյուղական բնակչության(61%) և բարձրագույն կրթություն չունեցող հարցվողների շրջանում (55%): Առավել բարձր տարիքային խմբի և երևանաբնակ հարցվողներն ավելի շատ են հակված չվստահելու դատական համակարգին: Համակարգին ավելի հակված են չվստահել նաև բարձր եկամտային խմբին պատկանող հարցվողները: Բոլոր թվարկված տարբերությունները վիճակագրորեն նշանակալի են:
Դատարանների հետ առնչություն ունեցած հարցվողների շրջանում համակարգի նկատմամբ վստահության մակարդակն ավելի ցածր է, քան այդպիսի առնչության փորձառություն չունեցածների շրջանում: Մասնավորապես, դատարանների հետ առնչության փորձառություն ունեցողների շրջանում ցածր վստահության ցուցանիշը գերազանցում է առնչություն չունեցողների նույն ցուցանիշը 11%-ով: Այդպիսով, համակարգի հետ առնչություն չունենալու պարագայում հարցվածները հակված չեն անվստահություն հայտնել վերջինիս նկատմամբ:
Որքան բարձր է արդարադատության համակարգի վերաբերյալ տեղեկացվածությունը, այնքան բարձր է հակակարգին չվստահելու հավանականությունը, և այլն: Համակարգի վերաբերյալ տեղեկացվածությունը չափվել է ադարադատության համակարգի գործառնության ընդհանուր սկզբունքներին վերաբերող 7 դատողությունների միջոցով:
Դատական համակարգի աշխատանքի տարբեր կողմերի մասին կարծիք հայտնելիս՝ հարցվածների մեծամասնությունը համաձայնել է, որ.
• Պաշտոնատար անձինք կարող են ստիպել դատավորներին փոխել իրենց որոշումները (62%)
• Մարդիկ չեն դիմում դատարան, քանի որ հույս չունեն այնտեղ արդարություն գտնել (61%)
• Հայաստանում դատը շահում է նա, ով ֆինանսապես ավելի ապահովված է (60%)
• Հայաստանում կառավարությունը կարող է ազդել դատարանի վրա (59%)
Միևնույն ժամանակ, հարցվածների մեծամասնությունը համաձայն է, որ.
• Հայաստանում դատական համակարգին վերաբերող տեղեկությունները պարզ են և հասկանալի (55%)
• Հայաստանում դատարանի կայացրած որոշումները սովորաբար լավ հիմնավորված են (52%)
• Հայաստանի դատարաններում միշտ պաշտպանվում են մարդու իրավունքները (51%):
Հայաստանյան դատավորները մեծամասամբ ընկալվում են որպես բարեկիրթ (74%) և պրոֆեսիոնալ (70%): Հարցվածների 49%-ը գտնում է, որ դատավորներն անկողմնակալ են: Մինչդեռ, հարցվածների 48%-ը նաև գտնում է, որ դատավորներն անկախ չեն քաղաքական ուժերից, տնտեսական տնտեսական համակարգից, ԶԼՄ-ներից, հասարակական կարծիքից:
Հավասար թվով հարցվողներ՝ 44%, կարծում են, որ Հայաստանում դատավորները կոռումպացված են և կոռումպացված չեն:
Հարցվողների 51%-ի կողմից Հայաստանի դատախազությունն ընկալվում է որպես օպերատիվ և արդյունավետ կերպով աշխատող կառույց, հարցվողների 11%-ը դժվարացել է կարծիք հայտնել այս հարցի շուրջ: Հարցվողների կեսը գտնում է, որ դատախազներն արդարամիտ և անկողմնակալ են: Միևնույն ժամանակ, հարցվողների 54%-ը տպավորություն ունի, որ Հայաստանում պաշտոնատար անձինք կարող են ստիպել, որպեսզի դատախազությունը փոխի իր որոշումը:
Տեղեկացվածությունը
Հարցվածների մեծամասնությունը, 80%-ը, գիտե, որ ՀՀ դատական մարմինները պետք է անկախ լինեն կառավարությունից: Հարցվաների գերակշիռ մասը նաև գիտե, որ Հայաստանում դատավորները չեն կարող լինել կուսակցության անդամ (74%) և որ ԲԴԽ-ն երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը (73%):
Հարցվածների 56%-ը գիտեն, որ դատական թևն ունի Ազգային ժողովին և կառավարությանը հավասար իշխանություն, այսինքն՝ հարցվածների՝ մոտ կեսը տեղեկացված է իշխանությունների տարանջատման սկզբունքի վերաբերյալ:
Հարցվածների 40%-ն է տեղյակ դատավորների նշանակման կարգի մասին:
Հարցվողների մեծ մասը սխալ պատկերացում ունի դատական համակարգի գործառնության առանցքային սկզբունքների վերաբերյալ. 71%-ը գտնում է, որ դատական համակարգը մշակում է օրենքներ, իսկ 73%-ը կարծում է, որ դատարանները ենթարկվում են դատախազությանը:
2019-2020 թթ Արինսայթս հետազոտական կազմակերպությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պատվերով իրականացրել է ֆորմատիվ հետազոտություն, որը միտված է
2019 թվականին Արինսայթս հետազոտական ընկերությունը Տնտեսական համագործակցության և...