Բջջային մեսենջեր հավելվածների օգտագործումը Հայաստանում

27.06.2022

ԱրԻնսայթս հետազոտական ընկերությունն ամփոփել է Հայաստանի ամբողջ տարածքով, շուրջ 4500 հարցվողի շրջանում ներկայացուցչական ընտրանքով իրականացված մարքեթինգային հետազոտության արդյունքները, որի շրջանակներում ուսումնասիրվել են բջջային մեսենջեր հավելվածների օգտագործման առանձնահատկությունները և սպառողական խմբերի պրոֆիլը։ Համանման հետազոտություն իրականացվել էր  նաև 2020 թվականին 10000 հարցվողի շրջանում: 

Տվյալները հավաքվել են 2021թ․-ի դեկտեմբերի 22-ից մինչև 2022թ․-ի մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցազրույցների (CATI) մեթոդով՝ շաբաթական միջինում 600-ական ընտրանքային միավորների ապահովմամբ։ Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի 14-65 տարեկան բնակչության, բոլոր բջջային օպերատորների բաժանոդների շրջանում։ Տվյալները կշռվել են՝ ըստ հիմնական սոցիալ-ժողովրդագրական չափանիշների ՝ սեռի, տարիքի, բնակության վայրի (3 շերտով` Երևան, մարզային քաղաք, գյուղական բնակավայր):


Տվյալ հետազոտության շրջանակներում բջջային հավելվածների սպառող են համարվել այն հարցվողները, ովքեր նշել են, որ հարցազրույցին նախորդող 30 օրերի ընթացքում իրենց բջջային հեռախոսով օգտվել են որևէ բջջային մեսենջեր հավելվածից։


Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բնակչության 89%-ն օգտվում է այս կամ այն բջջային մեսենջեր հավելվածից: Վերջին 2 տարում բջջային հավելվածների օգտագործման ցուցանիշն աճել է 3 տոկոսային կետով. 2020 թվականի հունիսի դրությամբ բջջային մեսենջեր հավելվածներից օգտվում էր բնակչության 86%-ը

 

 

Կանայք ավելի հաճախ են օգտվում մեսենջեր հավելվածներից քան տղամարդիկ (կանանց շրջանում օգտագործման ցուցանիշը 4%-ով բարձր է տղամարդկանց ցուցանիշից): 
Երևանում բնակվողները 5%-ով ավելի հաճախ են նշել հավելվածի օգտագործման մասին քան մարզում բնակվողները. Երևանում մեսենջեր հավելվածներից օգտվում է հարցվողների 92%-ը, իսկ մարզերում՝ 87%-ը:
14-17 տարեկան հարցվողների 97%-ն օգտվում է որևէ բջջային մեսենջեր հավելվածից: Հավելվածների օգտագործումը լայնորեն տարածված է նաև 18-24 (95%)  և 25-34 (96%)  տարեկանների շրջանում: 
Տարիքի աճի հետ մեսենջեր հավելվածների օգտագործման տարածվածությունը նվազում է. 55-60 տարեկան հարցվողների 76%-ն է օգտվում հավելվածներից, իսկ 61-65 տարեկան հարցվողների՝ 68%-ը
Բոլոր նշված ենթախմբերի միջև արձանագրված տարբերությունները վիճակագրորեն նշանակալի են: 

Վայբերը (Viber) շարունակում է մնալ ամենատարածված հավելվածը: 2022 թվականի մարտի դրությամբ այս հավելվածն օգտագործվում էր հարցվողների 79%-ի կողմից, իսկ 2020-ին Վայբերն օգտագործվում էր հարցվողների 78%-ի կողմից:  
Տարածվածության առումով երկրորդ տեղում է Ֆեյսբուք մեսենջեր (Facebook messenger)-ը, որի օգտագործումը 2022 թվականին 2020-ի համեմատ  աճել է 2%-ով՝ կազմելով 72%:
Երրորդ ամենատարածված մեսենջերը Վոթսափն է (WhatsApp). այն օգտագործվում է  հարցվողների 64%-ի կողմից:


2020 թվականի համեմատ օգտագործման ցուցանիշի ամենամեծ աճը արձանագրել են Տելեգրամ (Telegram) և Վոթսափ (WhatsApp)  հավելվածները: Տելեգրամի սպառումն աճել է 12 տոկոսային կետով՝ 2022 թվականին կազմելով 25%, Վոթսափի սպառումը նույնպես աճել է 12 տոկոսային կետով՝ հասնելով 64%-ի:


Էականորեն նվազել է Ինստագրամի (12%), Սկայպի (8%), Գուգլ Հենգաութս/Գուգլ Թոք (Google Hangouts/ Google Talk) և Զանգի (Zangi) հավելվածների օգտագործումը: 

Կանանց և տղամարդկանց շրջանում զգալի տարբերություններ են արձանագրվել  առանձին մեսենջեր հավելվածների օգտագորման տարածվածության առումով: 
Կանայք գերազանցում են տղամարդկանց Ֆեյբուք մեսենջեր, Վայբեր, և Ինստագրամ հավելվածների օգտագործման առումով (համապատասխանաբար 5%, 4% և 3%-ով), իսկ տղամարդիկ՝ Տելեգրամ և Վոթսափ հավելվածների օգտագործման առումով (համապատասխանաբար 2% և 8%-ով):
Գրեթե բոլոր հավելվածների օգտագործման տարածվածությունն առավել բարձր է երևանաբնակ հարցվողների շրջանում: Ամենամեծ տարբերությունը նկատվում է Տելեգրամի օգտագործման ցուցանիշի դեպքում. Երևանում տելեգրամից օգտվում է հարցվողների 33%-ը, մարզային քաղաքներում՝ 19%, իսկ  գյուղական բնակավայրերում՝ 20%:

Վայբեր առավել հաճախ օգտագործում են 14-17 (85%) և 25-34 (88%) տարիքային խմբերի ներկայացուցիչները: 
Ֆեյսբուք մեսենջեր առավել հաճախ օգտագործում են 25-34 տարիքային խմբի հարցվողները (84%), առավել հազվադեպ 61-65 տարիքային խմբի հարցվողները (45%): 18-24 և 25-44 տարիքային խմբերի հարցվողները առաջին խմբից (14-17տ.) ավելի հաճախ են օգտվում Ֆեյբուք մեսենջերից, (համապատասխանաբար 22% և 25%-ով, որը վիճակագրորեն նշանակալի է):
Վոթսափ հավելվածից առավել հաճախ օգվում են 18-24 տարիքային խմբի հարցվողները (83%), ընդ որում այս տարիքային խմբում Վոթսափը հավելվածների շարքում առաջատարն է: Վոթսափ հավելվածի օգտագործման ցուցանիշը տարիքի բարձրանալուն զուգահեռ նվազում է, բացառություն է միայն 14-17 տարիքային խումբը, որի ցուցանիշը 18-24 տարիքային խմբից ցածր է 15%-ով:
Ինստագրամ հավելվածի օգտագործումը առավել տարածված է 14-17 տարիքային խմբում և կազմում է 85%: Նույն ցուցանիշը այս տարիքային խմբի մեջ ունի Վայբերը, այսինքն այս տարիքային խմբի շրջանում Ինստագրամը առաջատար 2 հավելվածներից 1-ն է: Որքան բարձր է տարիքային խումբը, այնքան ցածր է այս հավելվածից օգտվելու ցուցանիշը: Նույն պատկերն է Տելեգրամ հավելվածի դեպքում: Ընդ որում 14-17 տարիքային խմբում Տելեգրամի օգտագործման ցուցանիշը գերազանցում է Ֆեյսբուք մեսենջերից օգտվելու ցուցանիշին 2%-ով:
Զանգի հավելվածի օգտագործումը բարձր է միջին տարիքային խմբերում (25-54 տարիքային խմբեր), կազմելով 15%:

Մյուս հավելվածներից օգտվողների փոքրաթիվ լինելով պայմանավորված վիճակագրորեն նշանակալի տարբերություններ ենթախմբերի ներսում դուրս չեն բերվել:


Այսպիսով կարելի է նկատել, որ ըստ սեռի և բնակության վայրի համեմատելիս հարցվողների կողմից առավել հաճախ օգտագործվող 5 հավելվածների տարածվածության հաջորդականությունը ենթախմբերի մակարդակով և բոլոր հարցվողների շրջանում չի տարբերվում: Մինչդեռ տարիքային խմբերից ամենաերիտասարդ 2 խմբերում՝ 14-17 և 18-24 տարիքային խմբերում այդ հաջորդականությունը փոխվում է. ամենաերիտասարդ խումբը առավել նախընտրում է Վայբերը և Ինստագրամը, իսկ 18-24 տարիքային խումբը՝ Վոթսափը և Ֆեյսբուք Մեսենջերը:
 

Ձեզ կարող է հետաքրքրել

2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հետազոտել ենք քաղաքացիների կարծիքը դատական համակարգի և դատախազության վերաբերյալ:
30.09.2022
ԱրԻնսայթս հետազոտական ընկերությունը Հայաստանի ամբողջ տարածքով, շուրջ 10000 հարցվողի շրջանում ներկայացուցչական ընտրանքով իրականացված մարքեթինգային հետազոտության շրջանակներում ուսումնասիրել է ...
11.07.2020

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ