Բջջային մեսենջեր հավելվածների օգտագործումը Հայաստանում

11.07.2020

ԱրԻնսայթս հետազոտական ընկերությունն ամփոխել է Հայաստանի ամբողջ տարածքով՝ շուրջ 10000 հարցվողի շրջանում ներկայացուցչական ընտրանքով իրականացված մարքեթինգային հետազոտության արդյունքները: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է երկրում ամենատարածված բջջային մեսենջեր հավելվածների օգտագործումը, սպառողական խմբեր պրոֆիլը և COVID-19-ի ի հայտ գալուց հետո նշված հավելվածների սպառման միտումները։ 

Հետազոտությունը պարբերական բնույթ է կրում, տվյալները հավաքվել են 2019թ․-ի նոյեմբերի 28-ից մինչև 2020թ․-ի հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումների (CATI) մեթոդով՝ շաբաթական միջինում 360-ական ընտրանքային միավորների ապահովմամբ (մարտի 15-31-ը տվյալների հավաքագրումը դադարեցվել է)։ Հարցումն իրականացվել է Հայաստանի 15-64 տարեկան բնակչության, բոլոր բջջային օպերատորների բաժանոդների շրջանում։ Տվյալները հավաքագրումից հետո կշռվել են՝ ըստ հիմնական սոցիալ-ժողովրդագրական չափանիշների։
Տվյալ հետազոտության շրջանակներում բջջային հավելվածների սպառող են համարվել այն մարդիկ, ովքեր հարցազրույցի պահին վերջին 30 օրվա ընթացքում իրենց բջջային հեռախոսով օգտվել են որևէ բջջային մեսենջեր հավելվածից։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ուսումնասիրված ամբողջ ժամանակաշրջանի դրությամբ բնակչության 86%-ն օգտվում է այս կամ այն բջջային մեսենջեր հավելվածից։
Տեղաշարժի սահմանափակումների ժամանակահատվածում բջջային մեսենջեր հավելվածների օգտագործումն աճել է 3 տոկոսային կետով: Համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներին նախորդող ժամանակահատվածում բջջային մեսենջեր հավելվածների սպառողների մասնաբաժինը կազմել է 85%, սահմանափակումների շրջանում՝ 88%, իսկ սահմանափակումների վերացումից հետո վերադարձել է 85%-ի։

 

Մեսենջերների սպառման հարցում ակնառու տարբերություններ են նկատվում տարբեր տարիքային խմբերի սպառողների միջև: Երիտասարդների շրջանում դրանց սպառումն ամենատարածվածն է, 15-19 տարիքային խմբի ներկայացուցիչների 97%-ն օգտվում է այս կամ այն բջջային մեսենջեր հավելվածից: Գրեթե համանման պատկեր է 20-24 և 25-34 տարիքային խմբերում: Սպառողների մասնաբաժինը նկատելիորեն նվազում է 55+ տարիքային խմբերում՝ 60-64 խմբում հասնելով 63%-ի: Տարիքային խմբերի միջև արձանագրված տարբերությունները վիճակագրորեն նշանակալի են:

Կանայք ավելի շատ են մեսենջեր հավելվածներ օգտագործում (89%) Հայաստանում քան տղամարդիկ (82%):

Մայրաքաղաք Երևանում (88%) օգտագործողների մասնաբաժինն ավելի մեծ է, քան այլ քաղաքային բնակավայրերում (87%) և գյուղերում (83%)։

Հայաստանցիների շրջանում ամենատարածված բջջային մեսենջերը Viber-ն է. հարցվողների 78%-ն օգտվում է այս հավելվածից: Սպառողների մասնաբաժնի առումով Viber-ին հաջորդում է Facebook messenger-ը (70%), այնուհետ՝ WhatsApp-ը (52%):

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում ամենատարածված 5 բջջային մեսենջեր հավելվածներն են Viber-ը, Facebook messenger-ը, WhatsApp-ը, Instagram-ը և Zangi-ն։

Տելեգրամ հավելվածից օգտվում է հայաստանցիների 13%-ը:

Հավելվածների սպառման դինամիկան 2019 թվականի դեկտեմբերից 2020 թվականի հունիս ամիսների ընթացքում ցույց է տալիս, որ ապրիլ ամսվա ընթացքում 7 տոկոսային կետով աճել է Facebook messenger-ի օգտագործումը, 4 տոկոսային կետով՝ Viber-ի օգտագործումը:

Հետաքրքրական է, որ առանձին բջջային մեսենջեր հավելվածների օգտագործումը նվազել է սահմանափակումների վերացումից հետո: Մասնավորապես՝ հունիս ամսին Facebook messenger-ի օգտագործողների մասնաբաժինը ապրիլի և մայիսի համեմատ նվազել է՝ 72%-ից հասնելով 69%-ի, այսինքն՝ այն մակարդակին, որն արձանագրվել էր 2020 թվականի փետրվարին:

Եթե դիտարկենք մեսենջեր հավելվածների օգտագործման միտումները 3 ժամանակահատվածների միջև համեմատությամբ, ապա հետազոտության արդյունքները փաստում են, որ տեղաշարժի սահմանափակումների շրջանում ամենաշատն աճել է  Facebook messenger-ի օգտագործումը՝ 68%-ից հասնելով 72%-ի: Սպառման աճի տեսանկյունից Facebook messenger-ին հաջորդում են WhatsApp-ը, Telegram-ն և Viber-ը (օգտագործողների մասնաբաժինն աճել է համապատասխանաբար 3.5, 3 և 2 տոկոսային կետով):

Բջջային առանձին մեսենջեր հավելվածների օգտագործումը տարբերվում է՝ ըստ սեռի, բնակության վայրի և տարիքի։  Բոլոր խմբերում ամենատարածված բջջային հավելվածը Viber-ն է։

Viber-ը, Facebook-ը, Zangi-ն and Google Hangouts-ը ավելի տարածված են կանանց շրջանում, մինչդեռ Telegram-ը և WhatsApp-ն առավել տարածված են տղամարդկանց շրջանում։

15-19 տարեկանների շրջանում ամենատարածված հավելվածները Viber-ը և Instagram-ն են, այնինչ մնացած տարիքային խմբերի շրջանում՝ Viber-ը և Facebook messenger-ը։ Չնայած որ 15-19 տարիքային խմբում դիտարկվել է բջջային մեսենջեր հավելվածներ չօգտագործողների ամենափոքր մասնաբաժինը, 20-24 տարեկանների խումբն աչքի է ընկնում առավել բազմազան հավելվածների օգտագործմամբ։

Ապրիլ ամսին կանանց շրջանում նկատվել է բջջային մեսենջեր հավելվածներ օգտագործողների ավելի մեծ աճ, քան տղամարդկանց։ Նախորդ ամիսների համեմատությամբ ապրիլ ամսում կանանց շրջանում հատկապես աճել է Viber-ի, Facebook-ի և WhatsApp-ի օգտագործումը, տղամարդկանց մոտ՝ Viber-ի և Facebook messenger-ի։

Երևանում նկատվել է բջջային մեսենջեր հավելվածներ օգտագործողների աննշան աճ։ Այստեղ ապրիլ ամսից աճել է Facebook messenger, WhatsApp և Instagram հավելվածների օգտագործումը, մինչդեռ այլ քաղաքներում ու գյուղերում կտրուկ փոփոխություններ չեն նկատվել։ Երևանում ապրիլ ամսին կտրուկ աճել է համախառն կերպով բջջային մեսենջեր հավելվածներ օգտագործողների համամասնությունը՝ հասնելով 91%-ի. վերջինս, սակայն աստիճանաբար նվազել է մայիս և հունիս ամիսներին՝ կազմելով 86%՝ հունիս ամսվա դրությամբ:

Ձեզ կարող է հետաքրքրել

2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հետազոտել ենք քաղաքացիների կարծիքը դատական համակարգի և դատախազության վերաբերյալ:
30.09.2022
R-Insights Research Company summarized the results of a nationwide representative survey on usage of mobile messenger applications...
27.06.2022

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ